Իսրայելական ավիացիան հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գրոհել է Գազայի հատվածի վրա ՝ ի պատասխան նախօրեին Պաղեստինի կողմից հրթիռակոծության: Այս մասին հայտնել է Իսրայելի Զինված ուժերի մամուլի ծառայությունը:
Փոխադարձ գործողությունների հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: Զինվորականները նշել են, որ ռմբակոծությունների թիրախն է եղել ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման օբյեկտը՝ Գազայի հատվածի հյուսիսային մասում, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:
«Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Գազայի հատվածից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի հարավում... Դրան ի պատասխան Իսրայելի ՌՕՈւ հարված են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտին ՝ Գազայի հատվածի հյուսիսում»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Զինվորականները հաշվել են, որ տարեսկզբից պաղեստինցիները Իսրայելի վրա 16 հրթիռ են արձակել՝ խախտելով հրադադարը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. օգոստոսից:
Հարվածների փոխանակությունը համընկել է լարվածության բռնկմանը Հորդանան գետի արեւմտյան ափին ու Արեւելյան Երուսաղեմում, որտեղ անցած շաբաթ պաղեստինցիների հարձակումների զոհ է դարձել չորս իսրայելցի:





























