Երկրորդ համաշխարհային պատերազմից ու ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո խաղաղության պահպանման հարցերը երբեք այդքան արդիական չեն եղել, քան հիմա: Այս մասին, այսօր՝ Երեւանում խաղաղապահ գործունեությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս խաղաղապահ գործունեությանը մասնակցելուն եւ իր ծանրակշիռ ներդրումն ունենալուն:

Զուգահեռաբար զարգանում է երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ հայկական ստորաբաժանումները առաքելություն են իրականացնում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունաստանի կազմավորումների կազմում:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ խնդրահարույց հարցերի լուծումը պետք է տեղի ունենա ոչ թե ուժով, այլ քաղաքական ճանապարհով:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Այսպիսով, միջազգային հանրության բոլոր ջանքերը պետք է համակարգել այդ ձեւաչափում: Ավելի վաղ բազմիցս նշվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղապահների տեղակայման հարցերը հիմնարար են:

Որպես իրավիճակի լարումը կանխելու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու կարեւոր մեխանիզմ  նախարարը նշել է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին միջնորդների նախաձեռնությունը:

Համանախագահներն այդ նախաձեռնությունը կրկին հաստատել են սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարությունում:

Էդվարդ Նալբանդյնաը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի գործունեությունը ԼՂ համակարտության գոտում: Ամփոփելով խոսքը, ԱԳ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն հասցեական մոտեցում է պահանջում: