Ֆրանսիայի Մարսել քաղաքում, հոկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մեկնարկել է 10-կմ վազք-մարաթոնը՝ «Վազել`  հանուն հիշողության» նշանաբանով:

Թեթեւ ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցությանը մասնակցեցին մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն  Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի եւ Ֆրանսիայի  եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ-սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության եւ Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:

Վազքը մեկնարկեց 18-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով եւ փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատեցին նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում` վայր, ուր ժամանել էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը:

Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնեցին Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր  նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը եւ այլոք:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական եւ ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ,  լրագրողներ,  բազմաթիվ երկրպագուներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցների կողմից։