Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  հույս ունի, որ ԵՄ-ի հետ երկխոսության վերջերս դիտարկվող դրական դինամիկան կհանգեցնի հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այդ մասին նոյեմբերի 5-ին նա հայտարարել է՝ ընդունելով  արտասահմանյան մի շարք երկրների դեսպանների հավաստագրերը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն իր աշխարհագրական դիրքի եւ մի շարք օբյեկտիվ պատճառների շնորհիվ հատուկ կարեւորություն է տալիս Եվրոպական Միության հետ հարաբերություններին։

«Տարածաշրջանային իրավիճակը, ընդհանուր մարտահրավերները սերտ շփումներ են պահանջում եւ ստիպում են համատեղ լուծումներ փնտրել», -ասել է նա, փոխանցում է БЕЛТА-ի թղթակիցը։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է ընդլայնել Եվրամիության հետ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցությունը։ Նրա կարծիքով, հեռանկարային կարող են դառնալ տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, ինչպես նաեւ  պայմանագրա-իրավական հիմքի զարգացումը։