Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Ֆարնվորթը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների պարբերական անցկացումը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը։
Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Ֆարնվորթը անդրադարձան Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությանը եւ դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։




























