Էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման գումարները, որոնք հատկացվում են փոքր ու միջին բիզնեսին ու նույնիսկ ՀՀ քաղաքացիներին, կարելի էր օգտագործել Գյումրիում բնակարանաշինության նպատակով: Այդ մասին հոկտեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Եթե հաշվենք, ապա կստացվի, որ մոտավորապես 36-40 մլն դոլար է ծախսվելու քաղաքացիներին ու բիզնեսին էլեկտրաէներգիայի սակագները սուբսիդավորելու նպատակով: Այդ գումարում կառավարության մասնաբաժինը կկազմի մոտավորապես 19-20 մլն դոլար: Բայց նույնիսկ այդ գումարով Գյումրիում կարելի էր մոտավորապես 600-700 բնակարան կառուցել այն քաղաքացիների համար, որոնք ավելի քան 30 տարի սեփական բնակարան չունեն»,-նշեց Մակարյանը: Անդրադառնալով փոքր բիզնեսի համար նախատեսված սուբսիդավորմանը, նա հիշեցրեց, որ մեկ տարվա ընթացքում մեկ փոքր ձեռնարկությանը հատկացվող փոխհատուցումը ընդամենը 50 դոլար է կազմում: «Այսինքն սա էական գումար չէ»,- հավելեց Գագիկ Մակարյանը
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ դժգոհություններին, հունիսի 17-ին հանրապետության Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հաստատել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 6.93 դրամով, հասցնելով այն 48.78 դրամի՝ մոտավորապես 10.3 դոլարի: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ բնակչության ու փոքր ու միջին բիզնեսի համար ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:




























