47–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող 75-ամյա Կարապես Ոսկանյանի խորթ եղբայրը` Մանուկ Գալստյանը, չի հավատում, որ Գերմանի Ոսկանյանին սպանել և ավտոտնակի դիտահորում թաղել է եղբայրը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  տեղի ունեցած դատական նիստին իր ցուցմունքում ասաց Մանուկ Գալստյանը։

«Հունվարի 26-ին Կարոն ինձ զանգեց ու ասաց, որ Գերմանը 1 օր է` չկա, ու բոլորը նրան են փնտրում: Գնացի իրենց տուն, եղբայրս պատմեց, որ բալկոնից տեսել է, թե ինչպես է Գերմանը նստում ինչ–որ մեքենա ու գնում: Ես չեմ հավատում, որ Կարոն է սպանել իր որդուն, նրանք լավ հարաբերությունների մեջ էին»,-ասաց Մանուկ Գալստյանը:

Դատարանը հրապարակեց նաև դատարան չներկայացած մեկ այլ վկայի` Վրույր Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը, որը նշել էր, որ տեղեկանալով, որ Գերման Ոսկանյանին 1 օր է` չեն գտնում, գնացել է նրանց տուն և բակում նկատել, որ ավտոտնակում մարդ կա, մոտեցել ու տեսել, որ Կարապետ Ոսկանյանն է, որն այնպես  է արել, որ ինքը ավտոտնակ չմտնի: Ըստ վկայի ցուցմունքի` այդ ժամանակ Կարապետը եղել է փոշոտ, գունատ և անհանգիստ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին և գանգուղեղային բազմակի բաց բութ և կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Կարապետ Ոսկանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ դիտավորությամբ չի սպանել որդուն, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: