Դեռ ամիսներ առաջ իշխանություններին քննադատող Ռուբեն Գեւորգյանը պատրաստ է  երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության  ներքո մեկնել  ամենավտանգավոր սահմանային գիծ։

Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարություն է արել՝  Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը գնահատելով որպես պատերազմում հաղթանակած եւ արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի  խոսք էր եւ դիրքորոշում՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի:

«Երկրի նախագահի ելույթում պարզ հայտարարվեց  թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցը ընդունելու եւ նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը: Նախագահի խոսքը դա իր ժողովրդի խոսքն է եւ այսօր ազգովի չլինել նրա կողքին, ուրեմն կունենանք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝  պարտված պատերազմ եւ պարտված ժողովուրդ: Ուստի, երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ՝ բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը եւ իրենց գործողություններով միջազգային հարթության մեջ կներազդեն մեր երկրի վարկանիշի վրա՝ խստորեն դատապարտելի է»,- ասելէ  Ծաղիկ Ռուբոն:

Նրա խոսքով, իԻ վերջո, հասկանալ է պետք, որ հայրենի հողը արյուն է եւ հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք: Երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ՝ դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից: «Մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը եւ առավել ոչ մի հարց պիտի չունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներ է քաշված  պատերազի մեջ:

 Հայրենիքի պաշտպանության խնդիրը ամեն մի հայի համար պիտի լինի էության պահանջ: Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին եւ մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի: Մեր ազգը մշտապես գոյություն ունեցող հզոր ոգիների միավորվածությունն է եւ մեր ժողովրդի մեջ գլխավորը ոչ թե պիտի լինի ինչ-որ քաղաքական կողմնորոշում , այլ դարերից եկող նրա հոգեբանական   նկարագիրը:

Ի վերջո, պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմները ժողովուրդների հոգու բարձր կարողությամբ է պայմանավորված: Այսօր նեղանալ, ըմբոստանալ եւ հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է ու ծիծաղելի: Վերջապես, հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար:  Այսօր ազգովի պիտի տեր կանգնենք ազատագրական պայքարում տարած մեր հաղթանակներին՝ պայքար, որն Արցախի անկախության պայքար էր, եւ ներկա սերունդների իրավունք մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօր Երդվյալ ազատամարտիկները գտնվելով պետության կողքին՝ ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության  ներքո մեկնել  ամենավտանգավոր սահմանային գիծ, մեր դիրքապահ զինվորների հետ կողք կողքի մարտնչել  ընդդեմ թշնամու: