Դեպի Հայաստան մեծ հայրենադարձության համար իշխանափոխություն է պետք։ Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» շարժումը ամրապնդել է իր այդ կարծիքը Մոսկվայի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի եւ Ֆրեզնոյի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։
Փաշինյանի խոսքով՝ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ցանկանում են վերադառնալ Հայաստան, աշխատել եւ ծաղկեցնել երկիրը, բայց չեն պատկերացնում, թե ինչպես է պետք գոյակցել կոռումպացված իշխանությունների, ծախու դատավորների եւ անպատժելի օլիգարխների հետ։ «Այդ պատճառով մեծ հայրենադարձությունն անհնար է առանց իշխանափոխության։ Բայց եւ նոր իշխանությունը պետք է ցույց տա, որ գնում է զարգացման ճանապարհով՝ բացահայտելով քաղաքական, տնտեսական, ստեղծագործական բոլոր հնարավորությունները»,- ընդգծեց Փաշինյանը։




























