Հարավային Քալիֆորնիայի համալսարանին առընթեր Վիթերբի ինժեներական դպրոցի մի խումբ գիտնականներ պարզել են, թե էլեկտրոնային նամակների պատասխանները ինչու են հաճախ ուշանում: Համապատասխան հետազոտության մասին հայտնում է arxiv.org կայքը:

Պարզվում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանների արագության հիմնական գործոններն են  տարիքը, սեռն ու այն սարքը, որից նամակն ուղարկում են: Գիտնականները վերլուծել են Yahoo Mail սերվիսով էլեկտրոնային նամակագրություն պահպանող 1.3 մլն զույգերի: Պարզվում է, որ էլեկտրոնային նամակին պատասխանելու ամենահավանական ժամանակը այն ստանալուն հաջորդող երկու րոպեն է: Ընդ որում օգտատերերի 50 տոկոսը նամակին պատասխանում էր ստանալուց հետո ՝ մեկ ժամվա , իսկ 90 տոկոսը ՝  12-48 ժամվա ընթացքում, հայտնում է Gazeta-ն:

Դեռահասները նամակին պատասխանելու համար միջինը ծախսում են 13 րոպե, 20-35 տարեկանները՝ 16 րոպե, 35-50 տարեկանները՝ 24, իսկ տարեցները՝ 47 րոպե:

Որոշակի դերակատարում ունի նաեւ նամակ գրողի սեռը: Կանայք նամակներին պատասխանելու համար տղամարդկանցից միջինը 4 րոպե շատ են ծախսում: Սակայն առավել կարեւոր դեր է կատարում այն պլատֆորման, որից ուղարկվում է նամակը: Սմարթֆոնից կամ էլ պլանշետից նամակներին կրկնակի արագ են պատասխանում, քան անձնական համակարգչով: