ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման եւ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար առկա են բոլոր նախադրյալները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգը նոր նախաձեռնություններով ավելի հարստացնելու եւ առաջ մղելու ուղղությամբ:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որում, զրուցակիցների համոզմամբ, մեծ է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ավանդը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանականների միջեւ ակտիվ շփումներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման դինամիկան կշարունակվեն նաեւ ՄԹ խորհրդարանում ձեւավորվելիք նոր բարեկամության խմբի հետ: Հանրապետության Նախագահը միջխորհրդարանական եւ առհասարակ, հայ-բրիտանական կապերի զարգացման գործում ընդգծել է բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծ ներդրումը, ով նաեւ ԼՂ այցերի լավ ավանդույթ ստեղծեց:

ՀՀ Նախագահը եւ ՄԹ դեսպանը բարձր են գնահատել նաեւ պաշտպանության ոլորտում ձեւավորված հայ-բրիտանական համագործակցությունը` այդ առումով կարեւոր ձեռքբերում համարելով 2014թ. սեպտեմբերին Երեւանում կայացած քննարկումներն ու ռազմական համագործակցության պլանի ստորագրումը:

Սերժ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում եւ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում:

Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ ցանկանում է բոլոր միջոցներով աջակցել այդ ձեւաչափով տեղի ունեցող խաղաղ բանակցային գործընթացին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերում Մեծ Բրիտանիայի անկողմնակալ դիրքորոշման համար:

Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է առաջատար դեր ստանձնել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակի ձեւավորման հարցում, որը, նրա համոզմամբ, կարող է շարժիչ ուժ հանդիսանալ ինչպես հայ-բրիտանական երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունն առաջ մղելու եւ զարգացնելու գործում: