«Դիզելային սկանդալի» կապակցությամբ Գերմանիայի իրավապահ մարմինները հինգշաբթի խուզարկություններ են արել Volkswagen կոնցեռնի Վոլֆսբուրգի ու մյուս քաղաքների  գրասենյակներում: Այս մասին ասված է Բրաունշվեյգի դատախազության հայտարարության մեջ:

Քննչական միջոցառումների նպատակն էր առգրավել այն փաստաթղթերը ու տեղեկությունների կրիչները, որոնք կարող են պարզաբանել սկանդալի հանգամանքները ու բացահայտել այն անձանց, որոնք պատասխանատու են այդ խախտումների համար, նշել են դատախազությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Volkswagen –ը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ կոնցեռնի ավտոմեքենաներում հայտնաբերել են ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ բնապահպանական խիստ նորմերը: Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներում ավտոհսկայի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Ինչպես նշված է Volkswagen –ի մամուլի հաղորդագրությունում  ՝ ավտոմեքենաների արտանետած վնասակար նյութերի պարունակությունը ստուգող բնապահպանական թեստերի տվյալների կեղծման խնդիրը վերաբերում է մոտավորապես 11 մլն մեքենայի, որոնք վաճառվել են աշխարհի տարբեր երկրներում: