Ամերիկյան հատուկ ծառայություններից արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենը չպետք է տուն վերադառնա Ռուսաստանից, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

«Նա խախտել է ԱՄՆ օրենքները: Նա գողացել է կարեւոր տեղեկատվություն: Չեմ կարծում, որ իմաստ ունի նրա վերադարձը»,-հայտարարել է Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության բանավեճերից մեկի ժամանակ: Քլինթոնի խոսքով, Սնոուդենը պետք է օգտվեր ԱՄՆ-ում «օրենքով տրամադրվող պաշտպանությունից», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներում Քլինթոնի հիմնական մրցակից սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ Սնոուդենի բացահայտումները «լուսավորչական» դեր են խաղացել, բայց հասկացնել է տվել, որ դա չպիտի խանգարի, որ նա բանտ նստի ԱՄՆ-ում: Միաժամանակ, Սանդերսը քննադատել է լրտեսումների ծրագիրը, որը բացահայտել էր Սնոուդենը, եւ խոստացել, որ իր նախագահ ընտրվելու դեպքում կփակի նման ծրագրերը: