Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մեկշաբաթյա հավաք-պարապմունքների են մասնակցում, որոնք մեկնարկել են հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաեւ պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ: Կներկայացվեն պետությունը եւ պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթներին, ժամանակակից պատերազմների բնույթին ու զորահավաքային խնդիրներին առնչվող դասախոսություներ:
Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքներն ամրապնդում են պետության պաշտպանունակությունը, նպաստում հնարավոր թերացումների բացառմանը:
Անդրադառնալով սեպտեմբերին ՀՀ տարածքում անցկացված «Շանթ 2015» զորավարժությանը՝ Յուրի Խաչատուրովը բարձր է գնահատել ներգրավված կառույցների գործողություններն ու զորավարժության արդյունքները: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել նաեւ հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրադրությունն ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների փոխգործակցությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների եւ իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:





























