Աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռնը՝ Toyota Motor ընկերությունը, առաջարկում է մինչեւ 2050թ. գործնականում ամբողջությամբ դադարեցնել բենզինով աշխատող ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը եւ ամբողջությամբ անցնել հիբրիդային եւ ջերմային տարրերով ավտոմեքենաների։ Այդ մասին ընկերությունը հայտնել է Տոկիոյում հոկտեմբերի 14-ին իր զարգացման «Тoyota 2050 – բնապահպանական խնդիրներ» ծրագիրը ներկայացնելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Այդ քայլի գլխավոր նպատակը վնասակար արտանետումներն էականորեն կրճատելն է։ Toyota-ն խոստացել է, որ ամեն կերպ առաջ կտանի այդ գաղափարը եւ կջանա կառավարությանը, այլ ընկերությունների եւ բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել այդ նախաձեռնության անհրաժեշտությունը, որի արդյունքը կարող է լինել 2050թ.` 2010-ի համեմատ արտանետումների 90%-ով կրճատմանը։
Ընկերությունը նաեւ նշել է, որ մինչեւ 2020-ը վաճառված հիբրիդային մեքենաների թիվը կարող է հասնել 15 միլիոնի. դա երկու անգամ ավելի է, քան այն, ինչ մինչեւ այժմ իրացվել է ամբողջ աշխարհում։ Անցյալ տարի Toyota-ի վաճառած ավտոմեքենաների ընդհանուր թվի ավելի քան 40%-ն են կազմել հիբրիդային մեքենաները։ Հատկանշական է, որ առաջ քաշված խնդրի լուծման գործում էլեկտրոմոբիլների դերի մասին չի հիշատակվել։
Մինչեւ 2050-ը բենզինով աշխատող մեքենաների թիվը լրջորեն կրճատելու նախաձեռնությունն ի սկզբանե պատկանում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությանը, որը տեղի ավտոմոբիլային կոնցեռններին կոչ է անում ակտիվորեն համագործակցել այդ ուղղությամբ։




























