Էլեկտրական շարժիչներով մեքենաներ արտադրող հանրահայտ Tesla ընկերությունը ներկայացրել է ծրագրային ապահովում, որն ավտոմեքենան գրեթե ամբողջովին ինքնավար է դարձնում:

«Ժամանակի ընթացքում նույնիսկ ղեկը բռնելու անհրաժեշտություն չի լինի»,- խոստացել է – Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը:

Նորույթն առայժմ նախատեսված է միայն Tesla-ի արտադրության Model S մակնիշի մեքենաների սեփականատերերի համար: Ներբեռնելով այս ծրագրային ապահովումը ՝ նրանք կկարողանան ցանկացած ռեժիմով վարել մեքենան ՝ առանց ձեռքով ղեկը բռնելու ու ոտքը՝ արգելակներին դնելու: Նման ավտոմեքենան կարող է ինքնուրույն փոխել շարժման գոտիները, արգելակել, արագություն հավաքել, մանեւրել ու նույնիսկ կայանել: Ծրագրավորված է նաեւ կույր գոտուն հետեւելու ու բախման վտանգը կանխատեսելու ունակությունը: Ծրագիրը կկարողանա նաեւ ավտոմատ կերպով կանխատեսել ճանապարհի կտրուկ ոլորանները, հիմնական մայրուղուց շրջանցները, վերելքներն ու վայրէջքները:

Վարորդից պահանջվում է միայն յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ դիպչել ղեկին: Հակառակ դեպքում մեքենան ավտոմատ կերպով կնվազեցնի արագությունը, հանուն վարորդի ու երթեւեկության մյուս մասնակիցների անվտանգության, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իլոն Մասկը խոստանում է թողարկել ավտոմեքենա, որն «ունակ է ձեզ առանց ձեր մասնակցության մի կետից մյուսը հասցնել, օրինակ տանից աշխատավայր»: Այս հեքիաթն իրականություն կդառնա երեք տարուց, հայտարարել է նա: