«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կառավարության առջեւ պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ եւ նստացույց սկսել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 12 տարի առաջ ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, նշեց՝ իր որդուն ցմահ ազատազրկել են առանց որեւէ ապացույցների եւ հիմնավորումների: Կնոջ խոսքով՝ իր որդու «գլխին սարքել են», բոլոր նոր ի հայտ եկած հանգամանքները վերացրել են:
«Տղաս արդեն չորրորդ օրն է հացադուլ է անում, նրա առողջությունն առանց այն էլ լավ չի, օրը 5 րոպե է արեւի երես տեսնում: Պահանջում եմ, որպեսզի այդ 50 հոգու գործերը վերանայվեն, եթե ոչ, Կառավարության դիմաց այնքան եմ նստելու, մինչեւ որ մեր պահանջը կատարվի»,-նշեց Ֆենյա Քոչարյանը:
NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ցմահ դատապարտյալների հարազատները ակնկալում են, որ այսօր Կառավարության նիստում կքննարկվի իրենց բարձրացրած խնդիրը եւ ընթացք կտրվի վերանայման գործընթացին:
Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ իրենց հետ բերել են հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Որդուս դատապարտողն այսօր դատապարտյալ է», «Պարո՛ն Կոստանյան, վերանայե՛ք, ուղղե՛ք նախորդի սխալը», «Վերանայեք ցմահիս գործը», «Արմեն Չատինյան, ես դեռ 27-տարեկան եմ», «Արդարություն», «Մահապատիժը գործում է», «Պատասխանեք ցմահ հացադուլավորների պահանջին»:
Նշենք, որ հացադուլի առաջին օրը ցմահ դատապարտյալների թիվը 45 էր: Ցմահ դատապարտյալները անժամկետ հացադուլով պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը: Նույն պահանջով ցմահ դատապարտյալները բաց նամակ էն ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր՝ հոկտեմբերրի 15-ին, հավաքվելու են կառավարության շենքի առջեւ եւ պահանջելու են հանդիպում վարչապետի, Արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։ Պահանջը չկատարելու դեպքում ցմահ դատապարտյալների հարազատները սպառնում են նստացույց եւ հացադուլ սկսել:






























