«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցումային փուլում է գտնվում եւ կազմակերպչական բավականին լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արդեն նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը՝ անդրադառնալով իր ստանձնած նոր երկու պաշտոններին:

«Եվ խորհրդականի, եւ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատարի պաշտոնները կարծես թե համահունչ էին այն կուտակված խնդիրներին, որոնք ներկուսակցական աշխատանքներում առկա էին: Անցումային շրջանում ենք գտնվում, կուսակցությունը կազմակերպչական բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնած, եւ ներկուսակցական կադրային, աշխատանքային եւ ծրագրային խնդիրների հստակեցման փուլում է գտնվում»,- ասաց Թամարա Պողոսյանը:

Որպես ԲՀԿ նախագահի խորհրդական, Թամարա Պողոսյանն այժմ ուսումնասիրում է կուսակցության փաստաթղթերի բովանդակային մասը եւ առաջարկություններ ներկայացնում. «Յուրաքանչյուր իրավիճակում այս կամ այն խնդրի վերաբերյալ հայտնում եմ իմ դիրքորոշում, իմ փորձը, ուսումնասիրում եմ միջազգային փորձը: Սա շատ մեծ ծավալի աշխատանք է: Ինքս կարծում եմ, որ նոր կադրերի ներգրավվումը եւ մեր ունեցած կադրերի արդյունավետ օգտագործումը ի շահ կուսակցության, քաղաքական զարգացումների կլինի»:

Թամարա Պողոսյանը հորդորեց նաեւ արտառոց ոչինչ չփնտրել կադրային այս փոփոխության մեջ՝ նշելով, որ իրենք նման որոշում կայացրել են երկար քննարկումներից հետո:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 12-ին: Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով նա նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։