Տավուշի մարզում նախօրեին զինվորական մեքենայի վթարի ենթարկվելու դեպքով հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի մամոիլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան, մարտական դիրք ջուր տեղափոխելիս, ընկել է զառիթափից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան մի քանի մետր գլորվել է ձորը, մահացել է մեքենայի վարորդ, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: