Գերմանիայի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով դաշնային տեսչությունը (KBA) Volkswagen կոնցեռնին պարտավորեցրել է երկրում վաճառված 2.4 մլն ավտոմեքենա հետ կանչել:
Մեքենաները հետ կանչելու մասին առաջինը հայտնել է գերմանական Bild թերթը: Պարբերականի տվյալներով ՝ կոնցեռնը առաջարկել է դիզելային շարժիչներով իրենց մեքենաները կամավոր վերանորոգման հանձնելու հնարավորություն տրամադրել ավտոմեքենաների սեփականատերերին: Սակայն KBA –ն մերժել է այս առաջարկը, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Բացի դրանից, Bild-ը գրում է, որ Volkswagen կոնցեռնը պետք է հստակեցնի, թե ինչ ժամկետներում կլուծի իր շարժիչների խնդիրները: Հինգշաբթի KBA-ն զեկույց կներկայացնի ավտոկոնցեռնում «դիզելային սկանդալի» հետաքննության ընթացքի վերաբերյալ:




























