Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող երեք խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, չեն կարծում, որ քարոզարշավին միասնական շտաբով հանդես կգան:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը՝ քարոզարշավի հետ կապված:

«Չեմ ուզում ենթադրություններ անել, սակայն ինձ թվում է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մարտավարությունն ունի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Միասնական հանդես գալու տարբերակը բացառեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Մենք որեւէ բան չենք քննարկել, սակայն ես չեմ կարծում»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ինչպես ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, իրենք քարոզչություն իրականացնում են, քանի որ կարծում են՝ իրենց առաջարկությունների մեծ մասն ընդունվել է. «Մենք այս պահին գործում ենք առանձին, այս հարցերը քննարկման առարկա չեն դարձել: Մենք մեր քարոզչությունն ենք անում, որովհետեւ համարում ենք՝ մեր առաջարկությունների մեծ մասն ընդունվել է»:

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6-ին: Քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: