Աբովյան քաղաքում սեպտեմբերի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ճանապարհային ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին եւ դեմքին հասցված վնասների հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաեւ քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքի անդամների հետ իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթեւեկելու ճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմն վիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























