Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ու ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել են կիբերոստիկանության ստորաբաժանում ստեղծելու մասին, փոխանցում է գերատեսչության պաշտոնական կայքը:
Կիբերոստիկանության բաժանմունքը զբաղվելու է երկրի տեղեկատվական անվտանգության ապահովմամբ: Ստորաբաժանումն ընդգրկվելու է ազգային ոստկիկանության կազմում եւ ունենալու է 400 աշխատակից: Կիբերոստիկանության տեսուչի աշխատավարձը կազմելու է 6 հազար գրիվեն:
Բացի դրանից, նշել են նաեւ կիբերոստիկանության բաժանմունքի տեսուչին ներկայացվող հիմնական պահանջները: Նա պետք է Ուկրաինայի քաղաքացի լինի եւ 21 տարեկանից մեծ, համակարգչի փորձառու օգտատիրոջ հմտություններ ունենա, իմանա Ուկրաինայի օրենսդրությունը, տիրապետի ուկրաիներենին ու անգլերենին, նաեւ չունենա դատվածություն: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ցանկալի է:
Իսկ կիբերանվտանգության հատուկ գործակալի պաշտոնի համար պահանջվում է նաեւ ծրագրավորման լեզուների իմացություն, հաշվողական տեխնիկայի հետ աշխատանքային փորձ ու բարձրագույն տեխնիկական կրթության առկայություն: Նրա աշխատավարձը կազմելու է արդեն 25-ից 30 հազար գրիվեն:





























