Եվրամիությունը քաղաքական կամք ունի Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու համար, եւ ես հույս ունեմ, որ Երեւանում մեր գործընկերները դուռ կբացեն այդ հարցում իրական առաջընթացի համար։ Այս մասին հոկտեմբերի 16-ին՝ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում «Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե նոր փաստաթղթի ստորագրումից հետո ինչպիսին կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը, Չարնեցկին նշեց. «Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք նոր փուլ բացել մեր հարաբերություններում։ Շատ ուրախ եմ, որ այսօր Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը բանկի փոխնախագահի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայությամբ հայկական կողմի հետ ֆինանսավորման ազատ նախագծերի իրականացման մասին համաձայնագիր է կնքել։ Նախօրեին կայացավ առեւտրային հարցերով ԵՄ-Հայաստան հատուկ հանդիպումը։ Ես վստահ եմ, որ երկու կողմն էլ տեսնում են այդ հեռանկարը»,- ընդգծել է Ռիչարդ Չարնեցկին։
Համալսարանի ուսանողների առջեւ ելույթ ունենալիս Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ ԵՄ-ն լավ հնարավորություն է տեսնում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրելու համար։ «Դա երկու կողմի համար էլ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք իհարկե պետք է սերտորեն համագործակցենք այնպիսի երկրի հետ, ինչպիսին դուք եք»,- ասել է նա՝ իր ելույթն ավարտելով «Long live, Армения» արտահայտությամբ։
Նշենք, որ ԵՊԼՀ Գիտխորհրդի որոշմամբ Ռիչարդ Չարնեցկին արժանացավ համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։




























