Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահի պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, որոշվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են միության առավել արդիական խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երրորդ երկրների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարգը սահմանող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հաստատել են «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» եւ «ԵՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել Իսրայելի Պետության հետ սկսել բանակցություններ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Տվյալ որոշումն ընդունվել է համատեղ հետազոտական խմբի զեկույցի արդյունքներով:

Միության պետությունների ղեկավարները հաստատել են ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցի համապատասխան: Կողմերը հաստատել են նաեւ ԵԱՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները:

Կողմերը քննարկել են կադրային եւ ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ դատարանի գտնվելու պայմանների եւ Ղրղզստանի Հանրապետությունից դատավորների պաշտոններում նշանակումների հարցը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է նաեւ ԵԱՏՄ-ում նոր անդամների ընդունման եւ անդամակցության դադարեցման Կարգը:

Նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սուրենի Սարգսյանին: