Հայաստանի պետական գույքի վաճառման դեմ պայքարող «Հանուն օրենքի» հասարակական-քաղաքացիական  նախաձեռնությունը հանրային տարբեր քննարկումների, ակցիաների, մարզերում կազմակերպվող իրազեկման երթերի միջոցով փորձելու է Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ իշխանությունները Հայաստանը վաճառում են ուրիշներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը:

« ՀՀ իշխանությունները Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող ռազմավարական օբյեկտները վաճառում են օտարերկրացիներին: Պահանջում ենք վերանայել պետական գույքի վաճառման հիմքերը կամ պետական գույքը վաճառելուց առաջ անցկացնել հանրային քվեարկություն: Անհասկանալի քաղաքականություն է,  մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք այդ օբյեկտների տերերը, քաղաքացուն է պատկանում պետական գույքը եւ մենք պետք է որոշենք դրանց հետագա ճակատագիրը»,-ասաց Արման Ղուկասյանը:

Արման Ղուկասյանը նշեց, որ «Հանուն օրենքի»  նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին կառավարության դիմաց Հայաստանը չվաճառելու պահանջով ակցիա է իրականացրել եւ մի քանի օրից պահանջագիր է մշակելու եւ հանձնելու կառավարությանը:

«Մենք մամուլից ենք տեղեկանում, որ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, «Զվարթնոց» օդանավակայանը վաճառել են ինչ-որ մարդկանց: Պայքարելու ենք, մինչեւ որ կառավարությունը մեզ լսի, հաշվի նստի ՀՀ քաղաքացու կարծիքի հետ»,- նշեց  նա։

Նշենք, որ «Հանուն օրենքի» հասարակական-քաղաքացիական  նախաձեռնությունը ստեղծվել է 1 ամիս առաջ: