Մոտ 20 օր առաջ կորած եւ նախօրեին Երեւանի Նոր Նորքի թաղամասում հայտնաբերված 15-ամյա Մաթեւոս Պ.-ն Հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը հայտնեց, որ երեխային դեռ սեպտեմբերի 12-ին մայրը տուն էր տարել:

«Մայրը գրավոր դիմել էր մեզ, որ թույլ տանք երեխային տուն տանել: Անձամբ եկավ, երեխայիս տարավ, իսկ օրեր անց էլ զանգեց, թե երեխան կորել է»,- ասաց տնօրենը:

Նա պատմեց, որ Մաթեւոսն իրենց մոտ սովորում է 2013թ.-ից. ոստիկանությունում հաշվառված երեխային ընտանիքն ուղարկում էր հատուկ դպրոց՝ վատ շրջապատից կտրելու համար:

«Մեղմ ասած, հաջող ընտանիք չունի, մեզ մոտ գալուց հետո բավականին փոխվել էր, վատ սովորություններից ձերբազատվել, բայց ամռանը մայրը տարավ ու ամեն ինչ սկսվեց նորից»,- նշեց Լարիսա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ 2015 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր Երեւանի թիվ 1 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Մաթեւոս Պ.-ն:

Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է: