128-ամյա կուսակցությունը վերանորոգման կարիք ունի, նրա  համար առաջիկա հանգրվանը խիստ կարեւոր է:: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 10-րդ համագումարում հայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանը: 

«Պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ հնարավոր լինի կուսակցության ներկայությունն ապահովել քաղաքական դաշտում»,- ասաց նա:

ՍԴՀԿ անդամները նշեցին, որ իրենք շարունակելու են հավատարիմ մնալ իրենց համոզմունքներին, քայլեր են ձեռնարկելու, որ դադարեցվի արտագաղթը, երկիրը դուրս գա քաղաքական եւ սոցիալական ճգնաժամից:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքով՝ այժմ Հայաստանի համար տագնապալի օրեր են, չի բացառվում, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ազդեն են նաեւ մեր երկրի վրա:

«Այսօր Մերձավոր Արեւելքում եփվում է վտանգավոր վիճակ, որն առաջիկայում կարող է այրել մեր դարպասները: Բացի այդ՝ ժողովուրդը կեղեքված է: Տեսնում ենք մաքառման եզրին գտնվող ու անդունդ գլորվող բիզնես, որ ոչնչացման եզրին է, գործազուրկների մի հսկա բանակ, որոնց զգալի մասը բռնել է արտագաղթի ճանապարհը»,- ասաց Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ ատենապետի խոսքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Նշենք, որ համագումարն այսօրվանից սկսած մի քանի օր փակ նիստեր կանցկացնի:  Դրանց ընթացքում կորոշվի, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու ՍԴՀԿ-ն առաջիկա երկու տարիների ընթացքում: Համագումարին մասնակցելու են ՍԴՀԿ բոլոր մասնաճյուղերի ընտրված պատգամավորները Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Մասիսից, Երեւանից, Մեղրիից: