Գերմանիայի Խորհրդարանը չի շտապում հայերի ջարդերը ցեղասպանություն կոչել: Մի՞թե ամբողջ հարցն այն է, որ չեն ցանկանում բարկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:   Ինքն իրեն նման հարց է տալիս գերմանական  «Deutsche Welle»-ի  հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով,  Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումը հետաձգելով՝ Գերմանիայի կառավարությունը փորձում է շողոքորթել Թուրքիային:

 «Der Spiege»-ի հրապարակումների համաձայն, իշխող ՔԴԴ-ՔՍՍ  կուսակցությունների դաշինքը եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության են եկել՝ անորոշ ժամանակով հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման նախագծի վերջնական ընթերցումը: Սակայն «Deutsche Welle»-ն գրում է, որ որոշ աղբյուրների պնդմամբ, հետաձգումը տեղի է ունեցել հենց ՔԴՄ-ի ջանքերով:  

Միաժամանակ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունը պնդում է, որ խորհրդարանը մինչեւ տարեվերջ պիտի ընդունի Հայոց ցեղասպանությունը: «Դաշինքը տեղում դոփում է, բայց ժամերը գնում են. տարելիցն արագ ավարտին է մոտենում»,- ասում է Կանաչների առաջնորդ Ջեմ Օզդեմիրը:

Ինչպես նշված է հոդվածում, ոչինչ այնպես չի ջղայնացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որքան 1915-ի դեպքերի համատեքստում   «ցեղասպանություն» եզրույթի գործածությունը: 

Հեղինակի կարծիքով, մի բան պարզ է. այս պահին Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի կարիքն ունի փախստականների խնդրի լուծման համար:  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է, որ նախագահ Էրդողանն ավելի սերտորեն համագործակցի ԵՄ-ի հետ: Կանցլերը կիրակի օրը Թուրքիա կմեկնի այդ հարցերը քննարկելու: 

«Մերկելի այցի ազդարարումը Բեռլինում խառը արձագանքներ է առաջ բերել:  Թուրքիայում ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 1-ին: Այս գարնանը Էրդողանի պահպանողական իսլամիստական կուսակցությունը չի կարողացել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ եւ այժմ փորձում է վերականգնել իր դիրքերը:   Գերմանիայի ընդդիմադիր Կանաչների եւ ձախական կուսակցությունները մտահոգություն ունեն, թե Մերկելի ուղեւորությունը կարող է անսպասելիորեն վերածվել նախագահի ընտրական քարոզարշավի աջակցության»,- ամփոփում է հեղինակը: