Երեւանի Սիլիկյան թաղամասում եզդի ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը ազգային հողի վրա չի կատարվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Հոկտեմբերի 15-ին սահմռկեցուցիչ դեպք է  տեղի ունեցել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ ավազակային հարձակման էին ենթարկվել ամուսիններ Շ. Ալիյանը եւ Թ. Սադայանը: Ամուսինները ազգությամբ եզդի են եւ լուրը ու դեպքին վերաբերվող սարսափելի լուսանկարների տարածումից հետո ինձ հետ կապվել են եզդիներ աշխարհի տարբեր երկրներից եւ փորձում են հասկանալ արդյոք ազգային հողի վրա է տեղի ունեցել հարձակումը:

Դիմում եմ բոլոր այն եզդիներին ովքեր անհանգստացած են ամուսինների հետ կատարված դեպքով՝ հարգելիներս հանցագործը ազգություն չի ճանաչում: Տեղի ունեցածը ավազակային հարձակում է, որի ժամանակ ավազակները անմարդկային են վարվել ՀՀ ազգությամբ եզդի քաղաքացիների հետ: Ինքս արդեն խոսել եմ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահորանյանի հետ: Դեպքի մանրամասները դեռեւս պարզ չեն, սակայն արդեն իսկ հայտնի է, որ ավազակները տուժողների տանից տարել են գումար եւ ոսկյա իրեր: Խոսել եմ նաեւ տուժողների հարազատների հետ եւ իրենք էլ վստահ են, որ սա ազգություն չճանաչող հանցագործություն է եւ հույս են հայտնում, որ ՀՀ ոստիկանությունը շատ արագ կգտնի այդ ստահակներին:

Ինքս էլ վստահ եմ, որ հանցագործները պատասխանատվություն կկրեն ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ: Մենք եւս հետեւողական կլինենք եւ անհրաժեշտության դեպքում միանշանակ կարձագանքենք: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի տուժողների ազգային պատկանելության հետ»: