Թուրքիայում այսօր տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն թուրք-քրդական բախումներ չեն: Այս մասին ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, որը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին եւ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Պարոն Գոչունչյան, Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ «տրամադրությամբ» է երկիրը գնում ընտրության:

Եթե Թուրքիայի տեսանկյունից ենք դիտարկում, ապա ներկայիս խնդիրն ուղղակիորեն թուրք-քրդական բախումներ կամ լարվածություններ չեն: Թուրքիայի հասարակության ընկալումների, պատկերացումների մեջ հարցն առաջին հերթին վերաբերում է ահաբեկչությանը:

Եթե Թուրքիայի ներսում կատարվողը համարենք ազգամիջյան բախումներ, ապա սխալ ձեւակերպում օգտագործած կլինենք, ու դա մեզ չի տանի նպատակասլաց ճանապարհին:

Կար մի ժամանակաշրջան Թուրքիայում, երբ ահաբեկչությունը համարյա մարած էր: Երբ արյունահեղությունը դադարում է, հասարակությանը բորբոքող երեւույթները պակասում են, խնդիրների կարգավորման մասին խոսելը շատ ավելի հեշտ է լինում: Այդ ժամանակ երկրի հասարակությունը դրական էր տրամադրված:

Ներկայիս ժամանակաշրջանը տարօրինակ է այն առումով, որ մարդկային ողբերգություններ են տեղի ունենում, մահանում են իրավապահ համակարգի աշխատողներ, մարդկային ծանր երեւույթին ուղեկցում է նաեւ հասարակության հուսախաբությունը: 80-ականների վերջերին Թուրքիայում եղել են ահաբեկչական գրոհներ, մինչդեռ ամենամեծ դժվարությունն այն էր, որ պետությունը նախապատրաստվում էր անվտանգության միջոցառումներ ձեռք առնելուն, ինչի հետեւանքով հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ամրապնդումը կաղում էր: Իսկ երբ փորձում էին ժողովրդավարությանն ու հիմնարար ազատություններին նախապատվություն տալ, կաղում էր արդեն անվտանգությունը: Վերջին տարիներին շատ ավելի հեշտ էր. իշխանությունները գտել էին ոսկե միջինը, երբ արյունահեղություններ չէին լինում, հիմնարար ազատություններն էլ ամրապնդվում էին:

Վերջին ժամանակաշրջանում 2 կարեւոր պատճառներով վայրիվերումներ առաջացան՝ Թուրքիայի ներքին հավասարակշռություն եւ ամբողջ հարավով տարածված ապակայուն կացություն: Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայի հյուսիսում ծայրահեղ ահաբեկչական գործողությունների գոտի է ստեղծվել, եւ Թուրքիան հայտնվել է այդ խմբավորումների հետ հարեւանություն անելու դիրքում: Այս հունիսին էլ տեղի ունեցած ընտրություններից հետո հնարավոր չեղավ կոալիցիոն կառավարություն ստեղծել եւ  քաղաքականության առումով անցումային մթնոլորտ ստեղծվեց: Այժմ էլ բոլորը կենտրոնացած են ընտրությունների վրա:

Վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերից հետո կուսակցությունների նախընտրական ուղերձներում փոփոխություններ կատարվե՞լ են:

Որոշակի փոփոխություններ կան, մի քանի կուսակցություններում նույնիսկ այդ փոփոխությունները շատ վառ են արտահայտված: Անցած ընտրությունում պարտված պատգամավորների անունները ցուցակներում այլեւս չկան: Թուրքիայում սպասողական վիճակ է:

Նախորդ ընտրություններն աննախադեպ էին, քանի որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը անցողիկ ձայներ հավաքեց: Եթե այս անգամ նրանց չհաջողվի անհրաժեշտ ձայները հավաքել, ի՞նչ է սպասվում:

Թուրքիայում քրդական կուսակցություն չկա, պարզապես այս կուսակցությունը բարձրացնում էր քրդական ծագումով քաղաքացիների խնդիրները, իսկ երբ սկսեց ընդհանուր խնդիրներ բարձրացնել, հայտնվեց խորհրդարանում:

Այսպիսով, եթե քրդական կուսակցությանը հաջողվի մտնել խորհրդարան, նորից կտեսնենք 4 կուսակցությունից բաղկացած խորհրդարան, որտեղ եթե իշխող կուսակցությունը պահի իր ձայները, նորից հնարավոր է կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտություն ունենա: Հակառակ պարագայում 3 կուսակցություն կունենանք, որտեղ իշխող կուսակցությունը կունենա առավել շատ ձայներ: Երկու դեպքում էլ ապակայունացում չի սպասվում:

Այժմ էլ, որքան էլ որ արտառոց երեւույթներ են տեղի ունենում, պետական կառավարման համակարգում ամեն ինչ Սահմանադրությամբ է լինում: Թուրքիայում առաջին անգամ է, որ նախագահն է նախաձեռնում խորհրդարանական ընտրություններ, որը նորից օրենքի շրջանակում է: Որքան էլ չստացվեց կոալիցիա կազմել, եթե նոյեմբերի 1-ից հետո էլ անհրաժեշտ լինի կոալիցիա կազմել, արդեն ձախողված կոալիցիայի բանակցություններում նախադրյալներ կլինեն: Այնպես որ բավականին հեշտ է լինելու: Ինչ վերաբերում է բախումներին, ապա չենք կարող ասել՝ ինչ ընթացքով կշարունակվեն այդ բախումները:

Շա՞տ են թուրքական հրապարակումներն այն մասին, որ հայերն էլ առնչություն ունեն ահաբեկչությունների հետ:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ է հղել վարչապետին, միաժամանակ զեկույցով հանդես եկել՝ բացառելով վարկածը, թե հայ համայնքը կապ ունի Թուրքիայում տիրող իրավիճակի եւ ահաբեկչական գործողությունների հետ:

Դժբախտաբար, կա մի խավ, որը ցանկացած հարցի պարագայում ամեն ինչ վերագրում է հայերին, նման հիվանդագին հոգեվիճակ ունեն: Ամեն դեպքում, ի տարբերություն 90-ական թվականների, այսօր այդ մտածելակերպով մարդիկ կողմնակիցներ չեն գտնում հասարակության մեջ: Հայկական համայնքը չեզոք է: Իմաստ չունի գործիք դառնալ, երբ դու գործոն չես եւ քեզնից ոչինչ կախված չէ, չեզոք լինելն էլ մեր շահերից է բխում:

Զրուցեց՝ Աիդա Հովհաննիսյանը