«Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանը Հայաստանի քաղաքակրթության անձնագիրն է...
Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանը, որում տեղ են գտել Հայաստանի ժամանակակից եւ պատմական քաղաքների ու գյուղերի մասին համառոտ, եռալեզու հանրագիտարանային տեղեկություններ։ Հեղինակ Սամվել Հակոբյանը տեղեկությունները սկսել է հավաքել ավելի քան երեսուն տարի առաջ, եւ վերջին մեկ տարվա ընթացքում որդու` Արտեմ Հակոբյանի հետ գիրքը պատրաստել տպագրության։
Յուրաքանչյուր բնակավայրի հետ կա համառոտ նկարագրություն, որում ներկայացված է նրանց պատմամշակութային միջավայրը՝ ամրոցներն ու դամբարանները, վանքերն ու խաչքարերը, գրեթե բոլոր հին ու նոր հուշարձանները իրենց լուսանկարներով:
Հեղինակների խոսքով` հանրագիտարանը լույս ընծայելու նպատակն է օգնել բոլորին ճանաչել Հայաստանը։ Պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ` նախատեսվում է հանրագիտարանը հանձնել գրեթե բոլոր զորամասերին:
«Քաղպարապմունքների եւ դաստիարակչական պարապմունքների ժամանակ զինվորները կճանաչեն Հայաստանը, կիմանան, որ այն ունի 20 000-ից ավելի հուշարձան»,-ասաց Սամվել Հակոբյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի մշակութային արժեքների մասին պետք է բոլորը իմանան:
Հանրագիտարանը տպվել է 1000 օրինակով, շուտով նախատեսվում է տպել եւս 1000 օրինակ:
11 հատորանոց գիրքը ներկայացվել է 1 գրքում։
Գրքում ընդգրկված են նաեւ Արցախի եւ Հայաստանի հարակից տարածքներում գտնվող հայկական որոշ հուշարձաններ: Հայաստանում գրանցված գրեթե բոլոր 24 000 հուշարձաններն ընդգրկված են գրեթե բոլորը:
Սամվել Հակոբյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանը Հայաստանի քաղաքակրթության անձնագիրն է:





























