Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին օգնական, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը կարծում է՝ Տիգրան Սարգսյանն արժանի է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավարի պաշտոնին, որը կստանձնի 2016թ. փետրվարի 1-ից:

«Շնորհավորում եմ, կարծում եմ՝ ինքը արժանի քաղաքական եւ պետական գործիչ է այդ պաշտոնին»,- այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց Նարեկ Գալստյանը՝ նշելով, որ համագումարի նախաձեռնումը ոչ մի կապ չունի նախկին վարչապետի՝ նոր պաշտոն ստանալու հետ:

Նարեկ Գալստյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ Տիգրան Սարգսյանի նոր պաշտոն ստանալուն:

«Ես կարծում եմ, որ իմ պատասխանները շատ սուբյեկտիվ կլինի, որովհետեւ ես Տիգրան Սարգսյանին մասին չեմ կարող խոսել որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար: Տիգրան Սարգսյանի հետ երկար տարիներ աշխատել եմ եւ չեմ կարծում, որ կոռեկտ կլինի իմ կողմից, կամ իմ անունից գնահատական տալը»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ՍԴՀԿ 10-րդ համագումարը: Մի քանի օր փակ նիստեր տեղի կունենան, ինչից հետո կուսակցությունը հանդես կգա իր առաջիկա ծրագրերի վերաբերյալ հայտարարությամբ:

Ավելի վաղ հաղորդել էին, որ հոկտեմբերի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է ընդունվել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահի պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է ներկայում ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին: