«Ոչ»-ի ճակատի ուժերը հաջողության հասնելու ռեսուրսներ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցինն տված հարցազրույցում նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջ հայաստանյան քաղաքալան դաշտում ստեղծված իրավիճակին:
Պարոն, Մինասյան, «Ոչ»-ի ճակատին ու «Նոր Հայաստանին» կհաջողվի՞ տապալել սահմանադրական փոփոխությունները կամ իշխանափոխություն իրականացնել:
-Կարծում եմ, որ նրանց չի հաջողվի ոչ սահմանադրական փոփոխությունները տապալել, ոչ էլ իշխանափոխություն անել: Չեմ պատկերացնում, թե ինչ մեխանիզմով է հնարավոր դա անել, քանի որ ոչ քաղաքական ռեսուրս ունեն, ոչ դրան նպաստող զարգացումներ կան, որ կարող են դրան նպաստել: Մյուս կողմից էլ սահմանադրության շուրջ ընթացող քննարկումներն այնքան էլ մեծ ոգեւորություն չեն ստեղծում հասարակական, քաղաքական դաշտում, որ ի վիճակի լինեին մոբիլիզացնել հասարակությանը:
Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ նրանց ակցիաներին քիչ մարդ է մասնակցում, բացի դրանից կուսակցությունների լիդերներին չենք տեսնում հանրահավաքների ժամանակ:
Սովորական բարեփոխումների գաղափարն այդքան մեծ հասարակական հետաքրքրություն չի առաջացնում ի տարբերություն, ասենք նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների, կամ լուրջ սոցիալական խնդրի ժամանակ, ինչպես դա եղել է ասենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված:
Այդ դեպքում ի՞նչ կարող են անել այդ ուժերը, որպեսզի ժողովուրդը հետաքրքրված լինի այդ խնդրով եւ հասարակության մոբիլիզացում լինի:
Պետք է անել այն, ինչը որ իրենք հիմա փորձում են անել, պարզապես մի տասն անգամ ավելի ակտիվ գործեն ու լայն մասշտաբներով:
Կուսակցությունների ղեկավարները համոզված են, որ իրենք հաջողություն են գրանցելու եւ մինչեւ դեկտեմբերի 6-ը իշխանափոխություն է լինելու:
-Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր ինչ-որ կարեւոր ազգային խնդրի, կամ, ասենք սահմանադրական փոփոխությունների հետ կապված, քաղաքական որոշ ուժեր փորձում են դրանք կապել իշխանափոխության հետ եւ հայտարարել, թե շուտով իշխանափոխություն են իրականացնելու: Որեւէ ձեւով այդ գործընթացն իշխանափոխության չի տանի:
Դրանո՞վ է պայմանավորված, որ ՀԱԿ-ը «Նոր Հայստանին» չի միանում;
Հասկանալի է, որ Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական ուժերը եւ ՀԱԿ-ը իրար տարբեր ձեւով են ընկալում եւ ՀԱԿ-ը կարծում է, որ «Նոր Հաայստանն» ավելի մարգինալացված քաղաքական ուժ է եւ դժվար թե ՀԱԿ-ը միանա նրանց հետ:
Այսինքն ՀԱԿ-ն իրեն վե՞ր է դասում է այդ քաղաքական ուժերից:
Չմոռանանք, որ ՀԱԿ-ը նաեւ խորհրդարանական ընդդիմություն է, որը որակական առումով, նկատի ունեմ քաղաքական մասով, ՀԱԿ-ին այլ մակարդակ է տանում:
Սահմանադրական փոփոխություններին դեմ էր արտահայտվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որին որ առայսօր հրապարակում չենք տեսել: Ձեր կարծիքով քոչարյանական թեւը ի՞նչ կանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար, հնարավո՞ր է, որ «Նոր Հաայստանին» կամ «Ոչ»-ի ճակատին միանա:
Ինչ է նշանակում քոչարյանական թեւ, որքան ես գիտեմ, այս պահին բացի Ռոբերտ Քոչարյանից եւ կարելի է ասել, իր օֆիսից ու պարզապես թիմից, այլ քաղաքական ուժ Ռոբերտ Քոչարյանին չի սատարում, հետեւաբար ում եւ ինչ ֆորմատով Ռոբերտ Քոչարյանը կարող է միանալ չեմ կարող ասել: Անձնական ֆորմատով խիստ կասկածում եմ, որ կմիանա որեւէ թիմի: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ երկրի 2-րդ նախագահը փորձի գնալ եւ միանալ որեւէ քաղաքական ուժի՝ ասենք Ազատության հրապարակում:





























