Յասմին Դում Տրագուտը զտարյուն ավստրուհի է ու Ավստրիայի միակ հայագետը: Նա Զալցբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է ու արդեն երկար տարիներ ուսումնասիրում է հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը եւ մասնավորապես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նա փայլուն հայերեն է խոսում:

Ինչպես նա պատմել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որպես լեզվաբանի՝ իրեն շատ հետաքրքրում է հայոց լեզուն, քանի որ այն կարծես հնդեվրոպական լեզուների ընտանիքին է պատկանում, բայց ամեն ինչով՝ թե կառուցվածքով, թե հնչողությամբ, տարբերվում է այդ ընտանիքի մյուս լեզուներից:

«Ժամանակակից հայոց լեզուն շատ հետաքրքիր է ինձ համար՝ որպես լեզվաբանի: Ես գիտեմ նաեւ գրաբար (հին հայերենը) եւ միջնադարյան հայերեն, բայց ժամանակակից հայերենը առանձնահատուկ հետաքրքրություն ունի: Ինձ  նաեւ շատ հետաքրքիր է Հայաստանի մշակույթը ու  կրոնի պատմությունը»,- պատմել է լեզվաբանը:

Յասմին Դում Տրագուտը մի քանի տարի սովորել է Երեւանի պետական համալսարանում՝ հայագիտության բաժնում, որտեղ էլ հենց հայերեն է սովորել, նաեւ՝ ռուսերեն, որը նա սկսել է ուսումնասիրել որպես մի լեզու, որը շատ տարածված է հայերի շրջանում: Չնայած նա խոստովանում է, որ ռուսերեն ավելի վատ գիտի, քան հայերեն:

Հայերենից, ռուսերենից ու իր մայրենի գերմաներենից բացի Յասմին Դում Տրագուտը գիտի նաեւ իսպաներեն, իտալերեն, անգլերեն, մի քիչ թուրքերեն, արաբերեն ու եբրայերեն: Նա նաեւ ուսումնասիրել է հին լեզուները՝ լատիներենը, հին հուներենը, սանսկրիտը, բասկերի հին լեզուն եւ այլն:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նրա խոսքով ավստրիական արխիվներում շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, որոնք քիչ են ուսումնասիրված ու դեռ չեն հրապարակվել: Ավստրիայում որոշ գիտնականներ զբաղվում են այդ փաստաթղթերով, սակայն դրանց մեծ մասը հայերեն է, իսկ Դում Տրագուտը, կարծես, միակ զտարյուն ավստրիացին է, ով կարող է կարդալ ու հասկանալ դրանք: