Քեմբրիջի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ ցերեկվա քնի եւ վաղաժամ մահվան միջեւ կապ գոյություն ունի, տեղեկացնում է www.gogetnews.info-ն։ Գիտնականները պարզել են, որ լիարժեք քնի բացակայության պատճառով մարդու մոտ քնատ վիճակ է առաջանում, որը սովորաբար փորձում են լրացնել ցերեկային ժամերին քնելով։

Գիտնականները հատուկ փորձ են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ որքան երկար է ցերեկային քնի տեւողությունը, այնքան մեծ է մահվան ռիսկը հատկապես 40 տարեկանից մեծ մարդկանց մոտ։

Հաղորդվում է, որ հետազոտությանը մասնակցել են ավելի քան 16 հազար բրիտանացիներ։ Դիտարկումներից հետո պարզ է դարձել, որ 7-8 ժամ տեւողությամբ նորմալ ռեժիմով քնի դեպքում ցերեկվա մեկժամյա  քունը 13 տարվա ընթացքում 14 տոկոսով մեծացնում է մահվան ռիսկը։ Եթե ցերեկային քունը մեկ ժամից երկար է տեւում, ապա մահվան  հավանականություն աճում է միանգամից 32 տոկոսով։

Գիտնականները նշել են, որ ցերեկային քնից նման կախվածություն է առաջանում 40-80 տարեկանում։ Այդ երեւույթի պատճառները դեռ պարզ չեն։