Լոռու մարզի միակ սեքսապաթոլոգ Հայկ Սիմոնյանը 77 տարեկան է: Վաղուց արդեն կենսաթոշակային տարիքի հասած չի կարողանում թոշակի անցնել. բժիշկը մտավախություն ունի, որ իրենից հետո մարզը կմնա առանց մասնագետի:

«Ես հիմա համոզված եմ, որ ինձնից հետո փակվելու է ուղղակի այս կաբինետը: Մարզում էլ չի լինի մասնագետ: Հիմա էլ շատերն ասում են՝ թող գնան Երևան: Առողջապահության համակարգում էլ կան մարդիկ, որ այդպես են մտածում»,- ցավով նշում է մասնագետը, ում անընդհատ դիմում են ոչ միայն Վանաձորից, այլև մարզի տարբեր քաղաքային ու գյուղական համայնքներից:

Բժշկի խոսքով`երիտասարդ մասնագետները հրաժարվում են մարզի տարբեր համայնքներում աշխատել, որովհետեւ վարձատրությունը քիչ է։

«Մասնագետ չունենք, որովհետև չի վարձատրվում: Ոչ ոք չի ուզում գնա: Սեքսապաթոլոգի պետականորեն սահմանված աշխատավարձը չնչին է, շատ չնչին»:

Մարզում ոչ միայն սեքսապաթոլոգ չկա, այլեւ սեքսապաթոլոգին դիմողներ։ Ըստ բժշկի`խնդիրը միայն կարծրատիպերը չեն. ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մարդիկ բժշկին դիմում են միայն անհապաղ անհրաժեշտության դեպքում։

«Հիմա դիմելու հարցը բավականին խնդիրների հետ է կապված: Որպեսզի մարդը դիմի, նա պետք է լինի վճարունակ: Իսկ եթե վճարունակ չի, նա չի էլ դիմում:Սոցիալական հարցերից առողջապահական հարցեր են ծագում»,- ասում է նա:

Այդուհանդերձ, մասնագետը փաստում է. հատկապես վերջին տարիներին լոռեցիներն սկսել են ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: