Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայի դահլիճում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավարտվեց Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ դեսպանության կազմակերպած բարեգործական ֆուտբոլային միջազգային մրցաշարը։ Մրցաշարում հաղթանակ տարավ ՀՀ ԱԳՆ հավաքականը։ (ֆոտոռեպորտաժ)
Կիսաեզրափակչում հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքմենստանի եւ Ուկրաինայի միացյալ հավաքականին՝ ԱԳՆ ֆուտբոլային թիմը եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնեց մրցաշարի կազմակերպիչ Գերմանիայի դեսպանության թիմին, որը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանում ԵՄ ներկայացուցիչների հավաքականը։
Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպման ավարտին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ միասին պարգեւատրեց հաղթողներին։ Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով իր ղեկավարած գերատեսչության թիմին հաղթանակի առթիվ, նշեց, որ սպորտը իր ուրույն տեղն է զբաղեցնում երկու երկրների հարաբերությունների մեջ եւ շնորհավորեց պարոն Քիսլերին Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ։
«Գերմանիայի վերամիավորումը կարեւոր իրադարձություն էր ոչ միայն այդ երկրի, այլ նաեւ ողջ Եվրոպայի համար։ Գերմանիայի վերամիավորմանը առանձնահատուկ են մոտենում նաեւ Հայաստանում։ Սպորտը ուրույն տեղ ունի մեր երկրների միջեւ հարաբերություններում։ Պատահական չէ, որ Գերմանիայի դեսպանատունը միջոցառումների շարքում ընդգրկել է նաեւ ֆուտբոլը, քանի որ Գերմանիայի ֆուտբոլի թիմը աշխարհում լավագույններից մեկն է։
Ուզում եմ նշել, որ այստեղ չկան հաղթողներ եւ պարտվողներ, քանի որ միակ հաղթողը մեր երկրների բարեկամությունն է»,- եզրափակել է արտգործնախարարը։




























