Ճապոնիայի արդարադատության նախարար Իվակի Միցուհիդեն այցելել է Տոկիոյի Յասուկունի տաճար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ասիայի երկրներում այս տաճարը ճապոնական միլիտարիզմի խորհրդանիշն է համարվում:
«Ես դա արել եմ՝ հարգելու համար նրանց հիշատակը, ովքեր պայքարել են իրենց երկրի համար, նրանց, ովքեր կյանքն է զոհել երկրի համար»,- պարզաբանել է նախարարը:
Մեկ օր առաջ Յասուկունի է այցելել նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ աշնանային տաճարային փառատոնի առիթով: Օրվա ընթացքում տաճար են այցելել նաեւ խորհրդարանի որոշ անդամներ:
Տեղական դիտորդների կարծիքով, ճապոնական իշխանությունների կողմից այդպիսի գործողությունները լավագույնս չեն ազդի Ճապոնիայի, Չինաստանի եւ Կորեայի հանրապետության ղեկավարների եռակողմ հանդիպման վրա, որը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին, Սեուլում:
Վերջին անգամ Աբեն Յասուկունի է այցելել 2013 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ դա արժանացել էր Պեկինի եւ Սեուլի կտրուկ քննադատությանը եւ սրել երկրների միջեւ հարաբերությունները:
Յասուկունի տաճարում պահվում են ցուցակներ բոլոր այն ճապոնացիների անուններով, որոնք զոհվել են մարտի դաշտերում XIX դարի կեսերից ի վեր: Այդ ցանկում ներառված են նաեւ զինվորական հանցագործներ, որոնք մահապատժի են ենթարկվել Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, այդ պատճառով ճապոնական պաշտոնատար անձանց կողմից Յասուկունի այցելությունը բողոք է առաջացնում ասիական երկրներում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել են ճապոնական ագրեսիայից:





























