Երեւանի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, թե ջերմամեկուսացվում են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերը, ջրթափ խողովակները, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները, անհրաժեշտության դեպքում մուտքերում տեղադրվում են դռներ: Առանձին տեղերում շարունակվում է հարթ եւ թեք տանիքների նորոգումը:
Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են ամենօրյա վերահսկողություն: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաեւ ծանուցում-հիշեցումներ են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաեւ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու վերաբերյալ Երեւանի ավագանու որոշման մասին:





























