Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտյալների փաստաբանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
«Մեր դիմումը հետ են վերադարձրել, պատճառաբանելով, որ դա չի կարող նախադեպ լինել եւ այլն»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:





























