Նավթի համաշխարհային գների անկան պատճառով Սաուդյան Արաբիայի իշխանություններն ուշացնում են ենթակառուցվածքների նախագծերի ֆինանսավորումը, 2009 թվականից ի վեր առաջին անգամ երկիրը բյուջետային դեֆիցիտ ունի: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրների:

Աղբյուրների տեղեկացմամբ, թագավորությունում խոշոր նախագծեր իրականացնող ընկերություններն արդեն կես տարի իշխանություններից փոխանցումներ չեն ստացել: Միաժամանակ, ըստ Gazeta-ի, իշխանությունները պայմանագրերի գները նվազեցնելու միջոցներ փնտրում՝ ավելի պակաս վճարելու համար:

Նավթի գների անկումը, որոնք Սաուդյան Արաբիայի եկամուտների շուրջ 80%-ն են կազմում, թագավորությանն արդեն ստիպել է կրճատել պետական ծախսերը եւ օգտագործել արժութային պահուստները՝ միաժամանակ ակտիվորեն օգտվելով պարտքի գործիքներից: 2015 թվականին Սաուդյան Արաբիան արդեն շուրջ 15 մլրդ դոլար է ներգրավել պարքային շուկայում:

Գործակալությունը նշում է, որ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման ուշացումները կարող են անդրադառնալ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում 22 մլրդ դոլար արժողությամբ մետրոյի նախագծի վրա: