BMW-ի Հարավաֆրիկյան գործարանը մեքենաների արտադրության համար էներգիայի մի մասը կստանա կովի գոմաղբի վերամշակումից: Այս մասին գրում է motor.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Գերմանական ավտոարտադրողը 10-ամյա պայմանագիր է կնքել տեղական Bio2Watt ընկերության հետ՝ բիոգազային ֆաբրիկայից 4.4 մեգավատտ էլեկտրաէներգիա գնելու մասին: BMW-ի գործարանի օգտագործած էներգիայի 25-30%-ը կստացվի Bio2Watt-ից:
Պրետորիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող էլեկտրակայանը շրջապատված է լայնարձակ արոտավայրերով, որտեղ շուրջ 30 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններ կան: Կենդանիների գոմաղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիա է ստացվում: Ամբողջական հզորությամբ աշխատելու պարագայում ֆաբրիկան օրական մինչեւ 160 տոննա գոմաղբ է վերամշակում:
1973 թվականին բացված BMW-ի Հարավաֆրիկյան գործարանը գերմանական ապրանքանիշի արտերկրյա առաջին ձեռնարկությունն է: Ներկայում այնտեղ տարեկան ավելի քան 60 հազար մեքենա է արտադրվում:






























