Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ ռուսական ինքնաթիռին, որում եղել է Ժնեւ ուղեւորվող խորհրդարանական պատվիրակությունը՝ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ, վտանգավոր հեռավորությամբ մանեւրումներ կատարող կործանիչը Ֆրանսիայի ՌՕՈՒ-ին չի պատկանում: Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ այն Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ է եղել: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:
Ավելի ուշ Շվեյցարիան հաստատել է, որ իր F/A-18 ռազմական ինքնաթիռը շվեյցարական օդային տարածքում՝ Բիլ քաղաքի մերձակայքում, մոտեցել է ռուսական օդանավին՝ ոստիկանական վերահսկողության ստանդարտ գործողության շրջանակում:
ՌԻԱ Նովոտիի փոխանցմամբ, Ռուսաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել պաշտոնական Փարիզից՝ սխալմամբ Ֆրանսիայի դեսպանին կանչելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին՝ պարզաբանումներ պահանջելու ռուսական խորհրդարանական ինքնաթիռին Ֆրանսիայի ՌՕՈՒ-ի օդանավի մոտենալու առիթով:





























