Կաշառք վերցնելու համար 3.5 տարվա ազատազրկման դատապարտված՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննության: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ գործով դատախազը, որը 9 տարվա ազատազրկում էր պահանջում զինկոմի համար, բողոքարկել էր պատժաչափը՝ նշելով, որ մեղմ պատիժ է նշանակվել: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավան եւ Նորք Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտել զինկոմին: Պաշտպանական կողմը որոշումը չէր բողոքարկել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:

Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ Ռաֆայել Զախարյանը ոստիկանության Զորքերի նախկին պետ, գեներել-լեյտենանտ, «Գել» մականվամբ Գարեգին Գաբրիելյանի հորաքրոջ որդին է: