Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի անձնակազմը շահագրգռված է, որ իրենց կենտրոնում հաշվառված ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հանգամանքները բացահայտվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲԿ-ի շահերը պաշտպանող փաստաբան Կարեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենք ակտիվ համագործակցում են նախաքննությունն իրականացնող մարմնի հետ:

«Ես պաշտպանում եմ հիվանդանոցի այն աշխատակիցների շահերը, որոնք առնչվել են Մերի Մարգարյանի բուժման գործընթացին՝ բուժող բժիշկներ, անալիզներ անցկացնող մասնագետներ: Նրանք տասից ավելին են եւ բոլորն էլ հարցաքննվել են, եւ գործով վկաներ են անցնում»,- ասաց Կարեն Սարդարյանը:

Նշենք, որ ծննդկանի բժշկուհին Շուշանիկ Բախշյանն է, որի շահերը պաշտպանում է Ալեքսանդր Սիրունյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սպասում են հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: