«Ինեկոբանկ»-ը մտադիր է ձեռք բերել «ՊրոԿրեդիտ բանկ»-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց բանկային համակարգին քաջատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ գործարքի մասին պետք է հայտարարվի մոտ ապագայում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանը հայտարարեց, որ բանակցությունների մասին այս պահին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա:
Հարցին, ավելի վաղ բանկը նման մտադրության մասին հայտարարե՞լ է, Տիրոսյանը պատասխանեց. «Լինելով բանկային համակարգի ակտիվ մասնակից, բանկը միշտ հայտարարել է բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ցանկացած առաջարկություն քննարկելու պատրաստակամության մասին: Կարծում եմ՝ այդպիսի մոտեցում ունեն բոլոր բանկերը»:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ, Հայաստանում առեւտրային բանկերի ընդհանուր նվազագույն կապիտալը 2017 թվականից 5 մլրդ-ից հասնելու է 30 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 63 մլն դոլար - խմբ.): Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի արդյունքներով, «Ինեկոբանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 26.1 մլրդ դրամ, «ՊրոԿրեդիտ բանկ»-ինը՝ շուրջ 9.16 մլրդ դրամ:
Հարցին, թե ինչ ուղիով են բանկերը պատրաստվում մինչեւ 2017 թվականը համալրել իրենց կապիտալը, ուրիշ բանկեր ձեռք բերելո՞վ, թե՞ այլ միջոցներով, Տիրոսյանը պատասխանեց. «Կապիտալը համալրելու տարբեր ճանապարհներ կան. բանկի գործունեությունից ստացված շահույթից մինչեւ ֆինանսական այլ ուղիներ: Բանկի բաժնետերերը ոչ մի տարբերակ չեն բացառում»:
NEWS.am-ի հետ զրույցում «ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ-ի մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Անի Ավդալյանը հայտարարեց, որ բանկի հիմնադիրների մակարդակով (գերմանական ProCredit Holding AG & Co. KgaA ընկերություն - խմբ.) վաճառքի շուրջ բանակցությունների մասին տեղեկություններ չկան: Ավդալյանի խոսքով, դրանք հայտնի կդառնան պաշտոնական որեւէ փաստաթղթի առկայության դեպքում:





























