Հայաստանում ժամկետանց Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի շոկոլադե սալիկներ հայտնաբերվելու դեպքում ոչնչացվում են, իսկ այն շոկոլադները, որոնց ժամկետը ավարտին է մոտենում, թույլ չի տրվում Հայաստան ներմուծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ նշելով, որ  էժանացումը պայմանավորելը  դրանց ժամկետանց լինելու հետ սխալ է:

«Որոշ ժամանակ առաջ ահազանգ ունեցել ենք, որ խանութում ժամկետանց Kit Kat կա, գնացել, ստուգել եւ ոչնչացրել ենք պահեստից, որ չկարողանան իրացնել, հնարավոր է, որ նման դեպքեր պատահեն: Շոկոլադի այն տեսակները, որոնց ժամկետն արդեն ավարտին է մոտենում, թույլ չենք տալիս, որ Հայաստան ներմուծեն: Տեղեկությունները, որ որոշ տեսակի շոկոլադների էժանացումը պայմանավորված է դրանց ժամկետանց լինելու հետ, միայն ենթադրություններ են, հստակ պատասխան կարող է լինել միայն ուսումնասիրություններից հետո»,-ասաց Նվարդ Առաքելյանը:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը շոկոլադե սալիկների էժանացումը կապել էր դրանց ժամկետը լրանալու հետ՝ նշելով, որ խանութներում դրանք էժանացրել են, որպեսզի վաճառվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեւանյան խանութներում Snickers-ը, Twix-ը, Mars-ը, Bounty-ին, M&M’s-ը  նախկինում վաճառվում էր 250-270 դրամով, իսկ այժմ 200 կամ 220, իսկ Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 կամ 320 դրամ: