Արեւմուտքի կողմից Թուրքիայի նախագահին հաճոյանալը մեծ սխալ է, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ պարոն Էրդողանը երկրում անկայունության գլխավոր պատճառն է: Այս մասին ասված է «The Washington Post»-ի խմբագրական հոդվածում:
Հեղինակների խոսքով, հենց Էրդողանն է նպաստում երկրի բեւեռացմանը: «Նախագահը տգեղ արշավ է սկսել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ (HDP - խմբ.) հունիսի ընտրություններից ի վեր, երբ կուսակցությունը խորհրդարանում հաղթեց կառավարությանը»,- նշված է հոդվածում:
Հոդվածագիրները հիշեցնում են, որ Էրդողանը ռազմարշավ է սկսել քրդերի դեմ, ինչն օգտակար է ԻԼԻՊ-ի համար, որոնք Իրաքում եւ Սիրիայում պայքարում են քրդերի դեմ, իսկ վերջիններին սատարում է ԱՄՆ-ն: «Իսլամական պետությունը, հնարավոր է, պատասխանատու է HDP-ի ակցիաների ժամանակ երկու ահաբեկչությունների համար, ներառյալ՝ Անկարայի ակցիան, որն առնվազն 102 մարդու կյանք խլեց: Եթե այդ հարձակումներն ուղղված էին Էրդողանի եւ քրդերի միջեւ ավելի մեծ սեպ խրելուն, ապա նրանց դա հաջողվեց»,- ասված է հոդվածում:
«The Washington Post»-ի փորձագետների կարծիքով, Էրդողանի բարեհաճությանը ձգտող արեւմտյան առաջնորդները պետք է սպասեն ընտրությունների ավարտին, քանի որ, հարցման արդյունքների համաձայն, նրա կուսակցությանը կրկին չի հաջողվի մեծամասնության հասնել:
«Թուրքիայի համար լավագույն արդյունքը կլիներ կենտրոնամետ կոալիցիոն կառավարության ստեղծումն ու Էրդողանի՝ բռնակալի հավակնություններից հրաժարումը: Եթե Թուրքիային չհաջողվի հաղթահարել երկրի ներքին բեւեռացումը, այն չի կարողանա լուծել բազմաթիվ խնդիրներն ու Արեւմուտքի համար հուսալի գործընկեր դառնալ»,- ամփոփել է հեղինակները:





























