Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրեական համայնքի ղեկավար Շարլոթա Քնոբլոխը «Հին աշխարհի իսլամականացման դեմ պայքարող եվրոպացի հայրենասերների» (Պեգիդա) ցույցի մասնակիցներին անվանել է նեոնացիստներ եւ նշել, որ նրանք իսկական խայտառակություն են Գերմանիայի համար։ Այս մասին հայտնում է Bayerische Rundfunk ռադիոկայանը:

Քնոբլոխը, անդրադառնալով նախօրեին Մյունխենում Պեգիդա շարժման համախոհների եւ ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ցույցներին,  նշել է, որ Պեգիդայի համախոհները այլատյացություն են քարոզում, եւ այն կանխելու համար պետությունը պետք է քայլեր ձեռնարկի։

«Նրանք վաղուց են դեն նետել իրենց դիմակը։ Պեգիդան բացահայտ ռասիստական, այլատյաց եւ հակասեմական շարժում է, որը պետք է կանգնեցվի, եթե մեր քաղաքական գործիչներն ու արդարադատության համակարգը դեռ հավատարիմ է «այլեւս երբեք»-ին։

Քնոբլոխը  նաեւ կոչ է արել արգելել այդ խմբավորման գոյությունը։

Նշենք, որ նախօրեին Մյունխենում Պեդիգա շարժման 250 անդամ ցույցի էին դուրս եկել։ Նրանք Օդեոնի հրապարակից շարժվել էին նացիոնալ-սոցիալիստների զոհերի հրապարակ եւ ծաղկեպսակ էին դրել այնտեղ։

Շարժման ընդդիմադիրներն այդ արարքը որակել են որպես նացիստներին զոհ գնացած մարդկանց հիշատակի պղծում։